«Չծնված հրեշտակներ»․պայքար պտղի սեռի խտրական ընտրության դեմ

Апрель 6, 2016

20160405_125738«Ծնողը չպետք է տարբերություն դնի իր երեխաների միջև, քանի որ՝ վաղ, թե ուշ, տղա, թե աղջիկ  պետք են գալու ծնողին հավասարաչափ։ Տղա, թե աղջիկ ծնողի սիրո և ջերմության կարիքն ունեն»։ Այսպիսի բացատրություն ուներ Ն․ Գետաշենի թիվ 2 դպրոցի նկարչության ուսուցիչ Նեկտար Սահակյանի սաների կողմից արված նկարներից մեկը, որը ապրիլի 5–ին շուրջ 2 տասնյակ նկարների հետ ցուցադրվեց «Չծնված հրեշտակներ» խորագրի ներքո՝ Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում։ Նկարների հեղինակները դպրոցի 8-ից 16 տարեկան սաներն են, ովքեր իրենց նկարներում պատկերել են գենդերային խտրականության դրսևորումները ընտանիքում՝ մասնավորապես դեռ նոր ձևավորվող պտղի նկատմամբ։ Ինտերակտիվ ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում,  բացման խոսքով հանդես եկավ ծրագիրը իրականացնող կազմակերպություններից՝ Մարտունու կանանց համայնքային խորհուրդի նախագահ Անահիտ Գևորգյանը, դիմելով ներկաներին ասաց․ «Բնության մեջ 100 աղջկա դիմաց ծնվում է  106 տղա, բայց  Հայաստանում պատկերը այլ է՝ 100 աղջկա դիմաց 114 տղա, իսկ մեր մարզում վիճակագրություն ուղղակի սարսափեցնող է 124 տղա՝ 100 աղջկա դիմաց, ու այս ցուցանիշը բերում է նրան, որ Հայաստանում տարեկան շուրջ 1400 աղջիկ չի ծնվում, պայմանավորաված պտղի նկատմամբ խտրական վերաբերմունքից։ Իսկ ովքեր են այդ աղջիկները՝ մեկի ապագա  քույրը,  մորաքույը, հորաքույրը, մայրը»։ Գևորգյանի խոսքին որպես հավելում ցուցադրրվեցին  «Նորածինների սեռերի անհամամասնություն Հայաստանում» ՄԱԿ Բնակչության հիմնադրամի պատվերով պատրաստված ֆիլմը, որից հետո ցուցադրվեցին սոցիալական գովազդներ պտղի սեռի խտրական ընտրության վերաբերյալ, որոնք պատրաստվել են վերը նշված ծրագրի շրջանակներում։ Միջոցառմանը ներկա էր նաև Մարտունու Սբ․ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիմոն քահանա Տեր–Մկրտչյանը, ով խտրականության վերաբերյալ վիճակագրությունից մտահոգված դիմեց ներկաներին, ասելով․ «Զավակները ծառի ճյուղն են, մեկ ճյուղ ունեցող ծառը թեթև քամուց էլ կարող է կոտրվել, իսկ երբ ճյուղերը շատ են՝ հողմ էլ լինի կդիմանան, ճյուղ էլ կոտրվի՝ ծառը կշարունակի կանգուն մնալ, զավակները հավասարաչափ թև ու թիկունք են ծնողի համար և նախապատվություն տալ մեկին՝ մյուսին սպանելու, աբորտի միջոցով, մեղք է»։ «Չծնված հրեշտակներ» խորագրով ցուցահանդես

Ցուցայհանդեսին մասնակցում էին դպրոցականներ, ակտիվ քաղաքացիներ, դպրոցների և մանկապարտեզների աշխատակիներ, բուժհաստատությունների աշխատակիցներ, Դիլիջանից հրավիրված հյուրեր։

Ցուցահանդեսը անցկացվում էր «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և Հայաստանում իրականացվում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Սեյվ դը չիլդրեն կազմակերպության, Մարտունու կանանց համայնքային խորհրդի և Արմավիրի զարգացման կենտրոնի միջոցով։

Ցուցահանդեսը նաև նվիրված էր  կանանց մեկ ամսյակին։