Ընտանեկան բռնությունը լուրջ հիմնախնդիր է ․ Հերմինեի պատմությունը
Ընտանեկան բռնությունը լուրջ հիմնախնդիր է հանդիսանում բոլոր ընտանիքների համար: Այլ տեսակի բռնություններից այն տարբերվում է նրանով, որ զոհն ու բռնարարը մտերիմ հարաբերությունների մեջ են, հարազատներ։ Ընտանեկան բռնությունն այն է, երբ ընտանիքի որևէ անդամը կիրառում է չարաշահվող վարք, վերահսկելու եւ / կամ վնասելու իր ընտանիքի անդամին կամ անդամներին, ում հետ ունի սերտ հարաբերություններ:[1] Բռնությունն ընտանիքում կարող է լինել ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական և այլն: Ընտանեկան բռնության ընկալումը որպես սոցիալական հիմնախնդիր և դեստրուկտիվ երևույթ ձևակերպվել և զարգացում է ստացել մարդու իրավունքների պաշտպանության և, մասնավորապես՝ կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների զարգացման համատեքստում։ Առաջին հերթին լուրջ հիմնախնդիր է այն, որ չկա երևույթի ընկալումը։ Շատ կանայք, այդ թվում ոչ միայն հայ, չգիտեն, թե ինչ է բռնությունը։ Եթե ամուսինը ծեծում է, որտեղ ակնհայտ հոգեբանական ճնշման մասին է խոսքը, ապա կինը սովորաբար դա չի ընկալում որպես բռնություն։ Իհարկե, որոշ դեպքերում կա ընկալումը, բայց դեռ հասարակության մեջ չի ձևավորվել այն գիտակցությունը, որ դրա մասին արժե բարձրաձայն խոսել, կամ եթե ծնողները ծեծում են երեխային, դա համարվում է դաստիարակության հիմնական միջոցներից մեկը:

Պատմություն
Հերմինեն Գեղարքունիքի մարզից է, 20 տարեկան էր, երբ ընտանիքի անդամների որոշմամբ ամուսնացավ։ Ամուսնության առաջին 10 տարվա ընթացքում ապրել է ամուսնու, ծնողների և ամուսնու եղբոր ընտանիքի հետ, ամուսինների միջև միշտ վիճաբանություններ եղել են, սակայն կինը մտածել է, որ պատճառը մեծ ընտանիքով ապրելն է, և երբ առանձնանան ու իրենց ընտանիքով առանձին ապրեն, ամեն ինչ կկարգավորվի։
Ամուսնությունից 10 տարի անց Հերմինեի ընտանիքը տեղափոխվում է նոր բնակարան առանձին ապրելու, սակայն, ինչպես ներկայացնում է Հերմինեն իր և ամուսնու հարաբերություններում ոչինչ չի փոխվել, ընդհակառակը՝ վիճակն ավելի է վատացել և ամուսնու կողմից ծեծը շարունակական բնույթ է ստացել։ Ամուսնու կողմից հերթական ծեծի հետևանքով Հերմինեին մահամերձ վիճակում տեղափոխել են հիվանդանոց, բայց դեպքի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել, քանի որ բողոք չի եղել։ Ե՛վ բռնարարը, և՛ բռնության ենթարկված կինը ոստիկանների հետ խոսելիս պնդել են, որ կապտուկները բարձրությունից ընկնելու հետևանք են։
Հերմինեն ասում է․ «Չեմ բողոքել, որ երեխաներիս մատով ցույց չտան, ընտանիքս պահեմ»
Հերմինեն գիտակցում է, որ ինքը շարունակաբար ենթարկվում է և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական բռնության, սակայն այդ մասին բարձրաձայնել չի ցանկանում, որովհետև կարծում է, որ հասարակությունն իրեն ճիշտ չի ընկալի։
Ստացվում է, որ մենք ինքներս ստեղծել ենք կարծրատիպեր, և դարձել մեր իսկ ստեղծած կարծրատիպերի զոհը։
Նյութը պատրաստվել է Եվրոպայի Խորհրդի ֆինանսավորմամբ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գեղարքունիքի մարզն՝ առանց ընտանեկան բռնության» ծրագրի շրջանակներում։
Նյութում նկարագրված դեպքն իրական է, սակայն կիրառված անունները փոխված են։
[1] Տե՛ս՝ About family violence, https://www.justice.gc.ca/eng/cj-jp/fv-vf/about-apropos.html: