Ընտանեկան բռնության մասին օրենք

14 сентября, 2021

Այսօր ՀՀ-ում գործում է ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին օրենքը: Այն սահմանում է ընտանիքում բռնության ենթարկված  անձանց պաշտպանության միջոցները, ընտանիքում բռնության  կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված  անձանց պաշտպանություն   իրականացնող մարմինները և նրանց գործառույթները: Նախքան օրենքի ընդունումը բռնարարի նկատմամաբ կիրառվող սանկցիաները սահմանվում էր քրեական օրենսգրքով: Բայց Հայաստանում ընտանիքում բռնությունը թաքնված երևույթ է և ոչ բոլոր են դիմում իրավապահ մարմինների օգնությանը: Այնուամենայնիվ քրեական օրենսգրքում օրենքի ընդունումից հետո որոշակի դրույթների դրական փոփոխություններ են եղել, օրինակ՝ եթե նախկինում կինը բողոք էր ներկայացնում ամուսնու դեմ, սակայն լինում էին դեպքեր, երբ ամուսինը վախեցնում էր ու կինը հետ էր վերցնում բողոքը, քննչական գործողությունն իրականացնողներն այլևս այդ գործով աշխատանքներ չէին իրականացնում, սակայն այժմ քրեադատավարական ոլորտում կատարվեց փոփոխություն և անգամ բողոքը հետ վերցնելու դեպքում էլ շարունակվում է գործի քննությունը։ [1] Իհարկե շատ կարևոր ձեռքբերում է օրենսդրական դաշտում ունենալ ընտանեկան բռնության մասին օրենք, այնուամենայնիվ այն  ունի որոշակի թերություններ: «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Հասմիկ Գևորգյանը նշում է, որ օրենքում ունենք նախազգուշացման կետ, մինչդեռ ընտանեկան բռնության դեպքում նախազգուշացումը շատ լուրջ խնդիր կարող է առաջացնել, երբ տարիներ շարունակ բռնություն է կիրառվում, կինն առաջին անգամ իր մեջ ուժ է գտնում ու զանգում է ոստիկանություն, ոստիկանությունը նախազգուշացում է տալիս, սակայն կինը շարունակում է  մնալ բռնարարի մոտ, սա նշանակում է, որ ամեն վայրկյան կարող է սրվել իրավիճակն ու հանգեցնել սպանության. Զոհը որևէ բանով ապահովգրված չէ։[2] Բացի դրանից պետք է ներդնել անհապաղ, անհետաձգելի միջամտության համակարգը, որտեղ բացի օրենքով սահմանված ոստիկանության միջամտությունից, պետք է նաև ներգրավված լինել բազմամասնագիտական թիմի անդամները:

2019թ. մարտի 29-ին ՀՀ կառավարությունը ընդունել է ընտանիքում  բռնության ենթարկված անձանց ապաստարաններին ու դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները: Ըստ այս որոշման ընտանիքում բռնության ենթարկվածներին ապաստարանով ապահովելու նպատակն այդ անձանց անհատույց ժամանակավոր կացարանով, անվտանգ միջավայրով ապահովելն է, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված սոցիալական այլ ծառայությունների տրամադրումը: [3]

Իրականում միայն օրենքի ընդունմամբ երկրում բռնությունը չի վերանա։ Անհրաժեշտ  են արմատական քայլեր՝ հասարակության մտածողությունն ու կարծրատիպերը պետք է փոխվեն։ Մեր հասարակությունում ծեծը չեն համարում հանցանք, մտածելով, որ այն հայ ավանդական ընտանիքի մի մասնիկն է: Մեկ այլ խնդիր է նաև հասարակության անտարբերությունը։ Ըստ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Հասմիկ Գևորգյանի՝ յուրաքանչյուր բակում լավ էլ գիտեն, թե որ տանը կա բռնություն, սակայն բոլորս անտարբեր ենք, բոլորս կարծում ենք, թե մեր գործը չի ու այնքան չենք միջամտում, մինչև զոհ ենք ունենում։ Արդյունքում միայն պատժիչ միջոցները բավարար չեն, անհրաժեշտ է լուրջ աշխատանք կանխարգելման և դաստիարակության ոլորտում։

Նյութը պատրաստվել է Եվրոպայի Խորհրդի ֆինանսավորմամբ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գեղարքունիքի մարզն՝ առանց ընտանեկան բռնության» ծրագրի շրջանակներում։


[1] Տե՛ս՝ Ընտանեկան բռնություն. Անկատար օրենքն ու հասարակության կարծրատիպերը կանանց սպանությունների պատճառ են շարունակում մնալ, https://www.evnreport.com:

[2] Տե՛ս՝ նույն տեղում:

[3] Տե՛ ս՝ ՀՀ կառավարությունը սահմանել է ընտանեկան բռնության զոհերի ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, http://www.mlsa.am/?p=21102: