Ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ու աջակցությանն ուղղված ծառայություններ

13 сентября, 2021

Նախքան  ՀՀ-ում ընտանեկան բռնության մասին օրենքի հաստատումը, որը ընդունվել է 2017թ. դեկտեմբերի 13-ին, ընտանեկան բռնությունը սահմանվում էր երեք փաստաթղթերով՝ 2014թ. Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքով, 2011թ. Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրով և 2014թ. նոյեմբերի 17-ի՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով:   Ընտանեկան բռնության դեպքերին անմիջականորեն արձագանքելու և բռնություն վերապրած անձին աջակցություն տրամադրելու մեխանիզմները ներառում են ընտանեկան բռնություն վերապրած անձի նույնականացման և ուղղորդման մեխանիզմները: Այս մեխանիզմները և պատասխանատու կառույցները սահմանվում են 2014 թվականին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10 ընդունված «Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների լիազորությունների իրականացման և սոցիալական ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 1061-Ն որոշմամբ:  

Ընտանեկան բռնության դեմ պայքարի կարևոր բա­ղադ­րիչներից մեկն էլ հենց զոհերի պաշտպանությանն ու աջակցությանն ուղղված ծառայություններն են, որոնք ներառում են թե´ պետական, թե´ հասա­րա­կա­կան ուժե­րի համադրմամբ ծառայությունների մատուցումը ընտանեկան բռնության զոհերին։ Հիմնականում զոհերի աջակցության ծառայություններն ուղղված են կա­նանց և երեխա­նե­րին, սակայն կա նաև անհրաշեժտություն ստեղծել ծառայություններ այլ հատուկ խմբերի համար, օրինակ՝ ­ընտանեկան բռնության ենթարկված տարեցների, մտավոր խնդիրներ ունեցող անձանց  համար: Ընտանեկան բռնության զոհերի անվտանգության ապահովման համար կարևոր նշանակություն ունեն ապաստարանները։ ՀՀ-ում ապաստարանների տրամադրումը սահմանված է օրենքով: Ըստ ՀՀ Սոցիա­լա­կան ա­ջակցության մասին օրենքի 12-րդ հոդվածի, կացարան տրա­մադր­վում է ընտա­նե­­կան բռնության ենթարկված անձանց՝ որպես ժամանակավոր օթևան՝ մինչև 12  ա­միս ժամ­կե­տով։[1] Նույն հոդվածի համաձայն ընտանեկան բռնության զոհերին տրա­մադրվում են.

  • բնաիրային օգնություն՝ սննդի, հիգենայի միջոցների, հագուստի, կոշիկի ձևով
  • բժշկական օգնություն և սպասարկում
  • սոցիալ-հոգեբանական օգնություն
  • խորհրդատվական օգնություն
  • այլ համարժեք սոցիալական ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են մասնագիտական կազմակերպություններում (հան­րա­կրթական, մասնագիտացված բժշկական հաստատություններ և այլն):

ՀՀ-ում առկա ժամանակավոր ապաստարանները գործում են հիմնականում հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ Ընտանե­կան բռնու­թյան ենթարկված անձիք կարող են զանգել Ազ­գա­յին թեժ գծի վստահության հեռախոսահամարներով, թեև այժմ նման թեժ գծեր գոր­ծում են Երևա­­­նում և Հայաստանի մար­զե­րում նույնպես։  Թեժ գծերը իրենցից ենթադրում են հրատապ արձագանքման ծառայություններ  և դրանց նպատակը զոհերի անվտանգության ապահովման, նախնական խորհրդատ­վու­թյան և առաջնային արձագանքման հնարավորության ապահովումն է։ Ընտանեկան բռնության դեպքերի համար ստեղծվել են նաև աջակցության կենտ­րոններ, որոնք մասնագիտական կենտրոններ են: Այդ տեսանկյունից էլ ա­ռանձ­նացվում են ճգնաժամային, խորհրդատվական, միջամտության, վերականգ­նո­ղա­կան կենտրոններ։ Կենտրոնները հիմնականում գործարկվում են հասարակական կազմա­կերպությունների կողմից, պետական աջակցությամբ և ուղղորդմամբ։ Կենտ­րոն­ներում տրամադրվում են տարաբնույթ ծառայություններ՝ սկսած կարիքների   գնահատումից մինչև զոհի կյանքի որակի բարելավմանը, հզորացմանն ու կարո­ղու­թյունների զարգաց­մանն ուղղված աշխատանքներ։

Նյութը պատրաստվել է Եվրոպայի Խորհրդի ֆինանսավորմամբ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գեղարքունիքի մարզն՝ առանց ընտանեկան բռնության» ծրագրի շրջանակներում։


[1] Տե´ս՝ Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենք, http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=5161: