Բռնության պատճառները

10 сентября, 2021

Ընտանիքում բռնության կարող են ենթարկվել երեխաները, տարեցները, ֆիզիկական, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անդամները, ինչպես նաև ամուսիններից որևէ մեկը (ավելի հաճախ կանայք): Հաճախ բռնության պատճառները պայմանավորված են լինում սոցիալական, մշակութային, տնտեսական գործոններով:  Ըստ Հայաստանում ընտանեկան բռնությանը բազմաոլորտային արձագանքի տրամադրման առկա պրակտիկայի և նախաձեռնությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված որակական հետազոտության՝ ընտանիքում բռնության առաջացման և դրա դրսևորումներին նպաստող առաջնային գործոններն  հետևյալներն են՝

  • Կնոջ և տղամարդու դերերի վերաբերյալ ոչ արդիական, ավանդական կարծրատիպերն ու պատկերացումները

Ընդհանուր առմամաբ առկա են տղամարդու և կնոջ դերաբաշխման հնացած կարծրատիպեր, որի համաձայն էլ ամուսիները հետագայում կառուցում են իրենց փոխհարաբերությունները: Ըստ այդ կարծրատիպերի կինը պետք է զբաղվի տնային տնտեսությամբ, ծնի և դաստիարակի երեխաներին, հետևի տանը և խնամի տան անդամներին, իսկ տղամարդը համարվում է ընտանիքի ղեկավարն ու պաշտպանը, ով պետք է նյութապես ապահովի ընտանիքին, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ընտանիքի անդամների տնտեսական կախվածությանը: Ընտանիքում կանանց նկատմամբ բռնությունը գենդերային կարծրատիպերի արդյունք է: Դեռ մանկուց ՝ ծնողների տանը, աղջիկներին դաստիարակում են լինել համեստ ու  հնազանդ, և նրանք զրկվում են սեփական ընտրության և կյանքն իրենց ուզած ձևով դասավորելու իրավունքից:[1] Շատ կանայք կան, որ ի սկզբանե զոհերի կարգավիճակում են, անգամ մտքի ծայրով չեն անցկացնում, որ կարելի է ինքնուրույն լինել: Նրանք նախընտրում են «օբյեկտ լինել»:

  • Հայրիշխանական կարծրատիպերի վրա հիմնված դաստիարակությունն ու կրթությունը

Հայաստանում  ինչպե՞ս է. տղամարդը պետք է ծեծով ապացուցի, որ ինքը տղամարդ է, իսկ կինը հանգիստ ընդունի, որ իր տեղը խոհանոցն է: Տղային ու աղջկան վաղ մանկությունից տարբեր են դաստիարակում: Տղային ասում են՝ դու ուժեղ պիտի լինես, խելացի, աղջկան՝ գեղեցիկ, խնամվածՏղաները վերահսկում են աղջիկներին, և դա դուր է գալիս նրանց, քանի որ մտածում են, որ դա սիրո արտահայտում է:

  • Բռնության վարքագծային մոդելի վերարտադրությունը

Բռնությունը համարվում է ձեռքբերովի վարքագիծ և հիմնավորվում է նրանով, որ բռնություն գործադրողը տեսել է դրա դրսևորումները ընտանիքում, դպրոցում, համայնքում և կրկնօրինակում է՝ համարելով այն ընդունելի և նորմալ երևույթ: Բռնության վարքագծային մոդելի վերարտադրությունը սկսվում է վաղ մանկության տարիքում: Երեխայի և դեռահասի զարգացման տարբեր փուլերում այդ մոդելը շարունակաբար կիրառվում է նրա ընտանիքում և պատշաճ այլընտանքներ չստանալով հանրակրթական հաստատություններում, ամրապնդվում է և փոխանցվում ամուսնու և երեխաների հետ փոխհարաբերություններում:[2] Այսպիսով, սոցիալականացման առանձին փուլերում տղաները հանգում են այն եզրակացությանը, թե բռնությունը խնդիր լուծելու ամենաարդյունավետ միջոցներից է, և վարքային որոշումներ են կայացնում՝ հիմնվելով բռնության իրենց «հաջողված» փորձի վրա այնպիսի մի միջավայրում, որտեղ բռնության որոշ տեսակներ ընկալվում են որպես իրավականորեն անպատժելի, իսկ հանրային զսպամիջոցները, օրինակ՝ ամոթը, որպես սոցիալական արգելք կամ երևույթի հանդեպ անհանդուրժողականությունը, եթե անգամ չեն բացակայում, ապա կիրառվում են բացառապես փոքրաթիվ սոցիալական խմբերից կողմից, որոնց նա կարող է և չպատկանել:

  • Կոնֆլիկտների լուծման մշակույթում հաղորդակցության համապատասխան հմտությունների բացակայությունը

Եթե կինը նախաձեռնություն է ցուցաբերում, որի հետ տղամարդը համաձայն չէ, դա առաջացնում է վեճ, որը կարող է ավարտվել բռնությամբ, քանի որ տղամարդը միշտ մտածում է, որ ինքն է իրավացի: Բռնության ծագման պատճառ կարող են լինել վեճերը լուծելու անկարողությունը ու հաղորդակցման հմտությունների պակասը:

  • Գիտելիքի՝ հատկապես ծնողավարման և կնոջ իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը

Ծնողներին անհրաժեշտ է սովորեցնել, թե ինչպես պիտի դաստիարակեն երեխային: Իրենք տարրական գիտելիքներ չունեն ու շարունակում են հին մեթոդներով դաստիարակել:

  • Շրջապատի ակնկալիքները

Կարևորվում է շրջապատի ակնկալիքները, թե ինչպիսին պետք է լինի իդեալական ընտանիքը, կինը ու դրանով պայմանավորված միջամտությունը ներընտանեկան հարաբերություններին: Սոցիալական միջավայրը շարունակում է ժամանակակակից ամուսիններից ակնկալել ավանդական դերակատարում, անգամ եթե ամուսիններն իրենք պատրաստ են փոխել իրենց՝ ավանդական դերով պայմանավոված վարքը:

  • Ընտանիքի սոցիալտնտեսական վիճակը

Աղքատությունը, կենցաղի բարեկեցության մասին պատկերացումների տարբերությունները, ֆինասական դժվարությունները և գործազրկությունը համարվում են բռնության կիրառման հիմնական գործոնները:

  • Տարբեր նյութերի չարաշահում և կախվածություններ

Տղամարդիկ հաճախ չեն կարողանում կառավարել իրենց վարքը՝ լինելով տարբեր նյութերի ազդեցության տակ:  Բռնության ենթարկելով և՛ երեխային և՛ կնոջը և՛ տարեցին:

Նյութը պատրաստվել է Եվրոպայի Խորհրդի ֆինանսավորմամբ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գեղարքունիքի մարզն՝ առանց ընտանեկան բռնության» ծրագրի շրջանակներում։


[1] Տե՛ս՝ Арутюнян Л. Н. Социальная работа/Под. Ред. Ереван, 1995, էջ 182:

[2] Տե՛ս՝ Հայաստանում ընտանեկան բռնությանը բազմաոլորտային արձագանքի տրամադրման առկա պրակտիկայի և նախաձեռնությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված հետազոտություն, Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Երևան, 2017թ., էջ՝ 18: