Բարելավել հետիոտների անվտանգությունը Հայաստանում
«Բարելավել հետիոտների անվտանգությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՄԿՀԽ ՀԿ-ի աշխատանքային թիմը իրականացրեց տեղեկատվական հանդիպումների շարք Հայաստանի չորս՝ Գեղարքունիք, Վայոց Ձոր, Լոռի, Արմավիր մարզերում: Հանդիպումների ժամանակ՝ իրազեկելով բնակիչներին ճանապարհային անվտանգ երթևեկության միջոցների, ՀՀ –ում՝ հետիոտների մասնակցությամբ, ճանապարհատրանսպորտային վթարների մասին, առաջարկեց նորարար և նորաձև լուծում:
Լոռու մարզի Դսեղ գյուղը ծրագրի մեկնարկային համայնքն էր: Մասնակիցների թվում էին 16-30 տարեկան 25 երիտասարդ՝ Ալավերդի, Ախթալա, Օձուն, Դսեղ, Վանաձոր համայնքներից և ներկայացուցիչներ «ՀԿ» կենտրոնից: Մասնակիցները «ՏՈԻԿ» ճամբարից հեծանիվներով և ոտքով հասան Դսեղի հրապարակ, որտեղ էլ զրուցեցին անցորդների հետ և բաժանեցին տեղեկատվական թերթիկներ: Այնուհետև վերադարձան «ՏՈՒԿ», որտեղ էլ դիտեցին ՄԿՀԽ ՀԿ-ի պատրաստած սոցիալական գովազդը:
Դսեղ գյուղը գտնվում է Վանաձոր քաղաքից 40 կմ հեռավորության վրա: Գյուղի ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում և ճանապարհը ընդհանուր է թե՛վարորդների, թե՛ անցորդների համար, ինչն ավելի վտանգավոր է դարձնում երթևեկությունը:
Սեպտեմբերի 25-ին Վայք և Եղեգիս համայնքներում իրականացվեց տեղեկատվական ակցիա: Եղեգիս համայնքի «Արևի» հյուրանոցում ներկայացվեց լուսանդրադարձիչներով անձրևանոցներ: Հյուրանոցի աշխատակիցները առաջարկեցին հագուստի և աքսեսուարների նոր տեսականիներ՝ արտադրելու, որոնք, իրենց կարծիքով, կարող են հետաքրքրել բնակիչներին և համայնք ժամանած զբոսաշրջիկներին, հատկապես էքստրեմալ տուրիզմի սիրահարներին: «Հույս-98» ՀԿ-ում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում՝ 20 շահառուների և կամավորների, ուսուցիչների և ծնողների մասնակցությամբ: Ցուցադրվեց տեղեկատվական տեսանյութը և բաժանվեցին տեղեկատվական թերթիկներ: Այնուհետև «Հույս-98» ՀԿ–ի 20 շահառուներ և կամավորներ՝ անցնելով Վայքի փողոցներով, իրազեկեցին մարդկանց անվտանգ երթևեկության կանոնների մասին: Խումբը եղավ նաև Վայքի ոստիկանական բաժնում, որտեղ ներկայացրեց լուսանդրադարձնող հագուստի կարևորությունը: Վայքի Ինֆոտան բակում էին նաև Հայաստանում Երազմուսի ծրագրերից մեկի մասնակից, օտարերկրացի 30-ից ավել երեխաներ, ում ևս տեղեկատվական նյութեր բաժանվեց։
Սեպտեմբերի 28-ին Մարտունու առաջին հիմնական դպրոցի հետ համատեղ կազմակերպվեց ցուցադրություն՝ բաց դաս, որին մասնակցում էին աշակերտներ, ուսուչիցներ, ծնողներ և այլ հետաքրքրված անձիք: Այս հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանատան երկրորդ քարտուղար Jomantas PABIRŽIS-ը, ով այցելեց նաև «Իղձ» սոցիալական ձեռնարկություն և ծանոթացավ արտադրանքին: Բաց դասը կրում էր «Ճանապարհային անվտանգ հետիոտն» խորագիրը:
Տեղեկատվական միջոցառումների շարքը եզրափակվեց Արմավիր քաղաքում: «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնում, հոկտեմբերի 2-ին բռնության դեմ պայքարի միջազգային օրը Մարտունու կանանց համայնքային խորհուրդը երեխաներին նվիրեց լուսարձակող տարբերանշանով թիկնոցներ, որոնք ավելի անվտանգ կդարձնեն երեխաների հետիոտնային կյանքը: Հյուրերի թվում էր «Արևածագ» կենտրոնի «Իրավունքի թատրոնը»: Երեխաները խաղացին «Մոխրոտը» հեքիաթը, դրանով իսկ փորձելով ասել, որ ցանկացած վարքագիծ, որի կիրառումը կարող է վնաս հասցնել երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությանն ու զարգացմանը, համարվում է բռնություն:
ՄԿՀԽ ՀԿ-ն բոլոր քաղաքներում անձրևանոցներ նվիրեց մասնակիցներին՝ ևս մեկ անգամ խրախուսելով անցորդների անվտանգությունը:
«Բարելավել հետիոտների անվտանգությունը Հայաստանում» ծրագիրը իրականացվում է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության Դեսպանության ֆինանսական աջակցությամբ: